Կոտայքի մարզի Գառնի համայնքի հետ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծային լուծումների, հնարավոր բնապահպանական ու սոցիալական ազդեցությունների վերաբերյալ ավելի քան երկու տարի տարվող քննարկումներն ավարտվել են:

Ջրային տնտեսության պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ թեեւ առաջարկվող նախնական տարբերակը համապատասխան պատկան կառույցների կողմից համարվում էր լավագույնը, սակայն բազմաթիվ քննարկումների արդյունքում` հաշվի առնելով համայնքի մի խումբ բնակիչների մտահոգությունները, առաջացել է փոխզիջումային տարբերակի ընտրության անհրաժեշտություն:

Փոխզիջումային տարբերակի համաձայն՝ նախատեսվում է Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխել  Ազատ գետի հունով 5.2 կմ ներքեւ` ներկայումս գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք: Այս մոտեցումը հնարավորություն կտա խուսափել կիրճի՝ որպես հանգստյան գոտի ներկայացվող տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաեւ՝ հեռացնել ջրառի կետը բնության հուշարձաններից` բացառելով կիրճի գրեթե բոլոր հողատերերի առնչությունը ծրագրին:

Նախագծի համաձայն՝ գետում նոր ջրառի հանգույց չի կառուցվի, այլ կօգտագործվեն գոյություն ունեցող պոմպակայանի ենթակառուցվածքները` Ազատ գետից ջրառ իրականացնող առկա գլխամասային հանգույցը, ինչպես նաեւ՝ պահպանվող տարածքում առկա շենք-շինությունները, ճանապարհները, էլ. սնուցման գծերը եւ ենթակայանները:

Քննարկվել են նաեւ Գողթ համայնքի բնակիչների կողմից ձեւակերպված առաջարկությունները, որոնք առնչվել են կառուցվող Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգին: Բնակչության մտավախությունների փարատման նպատակով, որպես ջրապահովվածության երաշխիք ընդունվել է համայնքի առաջարկությունը, եւ վթարային վիճակում գտնվող Գեղարդալճի ջրամբարի վերակառուցման աշխատանքներում ներառվել են Գիլանլար վտակից դոտացիոն ջրանցքի կառուցման լրացուցիչ աշխատանքները:

Այսպիսով,  հնարավորություն կստեղծվի հեղեղների շրջանում՝ 15-20 օրվա ընթացքում, հեղեղային հոսքերի մի մասն ուղղել դեպի Գեղարդալճի ջրամբար` անգամ ջրասակավ տարիներին երաշխավորելով լիարժեք ջրապահովում ոռոգման ողջ շրջանի ընթացքոմ:

Հաշվի առնելով բնակիչների առաջարկը` որպես համայնքի տարածքների ոռոգման համար նախատեսված 2.4 մլն. մ³ ջրի տարեկան ծավալների հատկացման տեխնիկական երաշխիք` փոփոխվել է Գեղարդալճի ջարմբարից ջրառի հանգույցը: Անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաեւ ջրի բաշխման առցանց մոնիտորինգ, որը հասանելի կլինի հանրությանը: