Ռուսաստանի Կենտրոնական բանկը նորից հիշեցրել է բանկերին, որ իրենք կարող են ներգրավվել կասկածելի գործարքներում, որոնք կատարում են նրանց հաճախորդները Մաքսային միության երկրների ապրանքների դիմաց վճարումների ժամանակ:

ԿԲ նախագահի տեղակալ Դմիտրի Սկոբելկինիի ստորագրությամբ համապատասխան նամակը հունիսի 21-ին հրապարակվել է «Ռուսաստանի բանկի լրաբեր» պարբերականում: Սակայն այս անգամ ԿԲ-ն ուշադրություն է հրավիրել Հայաստանի ու Ղրղզստանի վրա՝ այդ երկրների ռեզիդենտների հետ գործարքների մասին ԿԲ-ն առայսօր չէր հիշատակել, փոխանցում է «Վեդոմոստին»:

Հաշվի առնելով Մաքսային միության ընդլայնումը (Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցությունից հետո)՝ առաջացել է գումարային միջոցների դուրս բերման բելառուսաղազախական սխեմայի հնարավոր տարածման վտանգ նաեւ ա՛յն գործարքների վրա, որոնք նախատեսում են Ռուսաստան ներկրել ապրանքներ Ղրղզստանի կամ Հայաստանի տարածքից, ասվում է ԿԲ մամուլի ծառայության պարզաբանող նամակում: Նամակը հրապարակումը նպատակ ունի նվազագույնի հասցնել հանցավոր ճանապարհով ստացած եկամուտի օրինականացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ բանկերի ներգրավման վտանգը: Անբարեխիղճ հաճախորդները կարող են այդ երկրներից ներմուծվող ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարումների ժամանակ կասկածելի գործարքներ իրականացնել, ասվում է նամակում:

Խոսքը Ռուսաստանի տարածք ապրանքների ներկրում նախատեսող արտաքին առեւտրային պայմանագրերով վճարումների մասին է, որոնց ժամանակ բանկի հաճախորդները տրամադրում են հաստատող փաստաթղթեր (ապրանքին կցված փաստաթղթեր, մաքսային հայտարարագրեր), բայց որոնց մասին տեղեկություններ չկան տվյալ պետության մարմինների բազաներում: Նաեւ հատուկ ուշադրություն է պահանջում հաճախորդի կողմից գումարային միջոցների փոխանցումը Հայաստանի ու Ղրղզստանի սահմաններից դուրս՝ ոչ ռեզիդենտների հաշիվներին, այն դեպքում, երբ այդ ապրանքները հենց այդ երկրներից են ներմուծվում: Եթե հաճախարդների գործարքները ունեն նման նշաններ, ապա գործարքները համարվում են անսովոր ու կարող են կասկածելի ճանաչվել: Հայաստանում ու Ղրղզստանում ապրանքներ գնելիս ԿԲ-ն կոչ է անում առաջնորդվել նույն չափանիշներով, որոնք գործում են Բելառուսի ու Ղազախստանի հետ գործարքների համար: Եթե բանկի կասկածները հաստատվում են, ապա արժե հաճաախորդներին մերժել՝ գործարքներ անցկացնելու հարցում ու փակել հաշիվները:

Ներմուծողները օգտվում են միության ներսում սահմանների բացակայությամբ ու ստեղծում ապրանքի ներկրման տպավորություն, ինչի հաշվին նրանք գումարներն արտասահման են ուղարկում: 2013-ին այդ երկրներով դուրս բերված ընդհանուր գումարների ծավալը նվազել է, ԿԲ գնահատականով մինչեւ 21.8 մլրդ դոլար: 2014-2015թթ. համար տվյալներ ԿԲ մամուլի ծառայությունը չի տրամադրել:

Նման սխեմաների ստեղծումը հնարավոր է՝ հաշվի առնելով, որ միության առավելությունները հաճախ են օգտագործում ռուսական մեկօրյա ( ֆիկտիվ) ֆիրմաները, որոնք փորձում են խուսափել հարկերի վճարումից, կամ էլ օրինականացնել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները, ասում է Բինբանկի ֆինանսական մշտադիտարկման ծառայության ղեկավար Դինա Բագատովան: Նրա խոսքով նման գործարքների իմաստն այն է, որ ներմուծվող ապրանքները չեն անցնում մաքսային հսկողություն Միության անդամ պետություններին բաժանող սահմանները հատելիս: Բացի դրանից հնարավոր է դառնում օգտագործել արտոնյալ հարկադրումը, որը նախատեսված է միության երկրների ռեզիդենտների համար, խուսափելու համար հարկերի՝ օրինակ ԱԱՀ-ի վճարումից, ասում է նա:

Բելառուսի դեպքում հնարավո՛ր է ստուգել ապրանքատրանսպորտային ապրանքագրերի հավաստիությունը, իսկ Հայաստանն ու Ղրղզստանը նման բազաներ չունեն, դրա համար էլ հատուկ ուշադրություն է դարձվում առաջնային փաստաթղթերին, հարկերի վճարմանը, հաճախորդի ամբողջ գործունեության վերլուծությանը, ասում է «Լոկո բանկի» արժութային հսկողության վարչության պետ Ելենա Բոժնեւան: Նրա խոսքով բանկը շատ ուշադիր վերլուծում է բոլոր արտաքին առեւտրային գործարքները այն պահից սկսած, երբ հայտարարագրման մասին պահանջը այլեւս չի տարածվում Հայաստանից ու Ղրղզստանից դուրս բերվող ապրանքների վրա, այսինքն 2015-ից սկսած, եւ կասկածելի գործարքներ իրականացնելու փորձեր չեն հայտնաբերվել: Կասկածելի գործարքներ չեն հայտնաբերել նաեւ «Բինբանկում»: «Սբերբանկում» երեկ հրաժարվել են այս հարցի շուրջ մեկնաբանություններից: