Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 23-ին, հարցաքննվել է Ամանորի գիշերը ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախման ժամանակ ներկա եղած ոստիկաններից Վաղինակ Մինասյանը: NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ զարմանալի է, որ վկան գործին առնչվող մանրամասներ չի հիշում, սակայն, հենց հերթը հասնում է նկարագրելու, թե ինչպես է Գեւորգ Սաֆարյանը հարվածել Գեղամ Խաչատրյանին, մանրամասն ներկայացնում է, ինչպես մյուս վկա ոստիկանը.

«Հարցաքննության ընացքում Վաղինակ Մինասյանը մի բան ասաց՝ ես գիտեի որ անպատասխան չեն մնալու ձեր այս գործողությունենրը, այսինքն նկատի ունի, որ ոստիկանությունն այժմ պատժում է  Գեւորգ Սաֆարյանին:  Բացի այդ հարցաքննության ընթացքում պարզվեց, որ ոստիկանը չգիտի՝ երբ կարելի է ուժ գործադրել քաղաքացու նկատմամբ,  չի տիրապետում այդ գիտելիքներին, չկարողացավ պատասխանել մեր հարցերին: Վկան նաեւ ասաց, որ տոնածառի հանդերձանքով քաղաքացու նկատմամաբ ուժ գործադրելը ծայրահեղ անհրաժետություն չի եղել, սակայն,  ուժ են գործադրել, չնայած երեք հոգով կարող էին ձեռքերից բռնել եւ կանգնեցնել: Այսինք հաստատեց, որ չնախատեսված հիմքերով ուժ են գործադրել»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: