Ապրիլյան պատերազմի ընթացքում սպանված Վազգեն Հարությունյանի որդին՝ Գրիգոր Հարությունյանը, կյանքի 14 տարին ապրել է Շուշի քաղաքում։ Մի քանի օր առաջ նա Երեւան էր եկել՝ հետազոտվելու եւ լսողական ապարատ ստանալու համար, քանի որ նա լսողական խնդիրներ ունի։
Տղային արդեն զննել է նեւրոպաթոլոգը, նա անցել է աուդիոմետրիա։ Նրան անհրաժեշտ է 900 եվրո արժողությամբ լսողական ապարատ, որի շնորհիվ նա կարող է լսել։
Գրիգորը Վազգենի եւ նրա այրի Անուշի առաջնեկն է։ Նա ծնվել է մանկական ուղեղային կաթվածով։ NEWS.am Medicine –ի թղթակցին նրա մայրը պատմել է, որ մինչեւ 7 տարեկանը տղան չէր կարողանում քայլել եւ նորմալ շարժել ձեռքերը, սակայն նրա կյանքն էապես փոխվեց, երբ նա սկսեց ֆիզիոթերապիա անցնել։ Այդ վարժությունների շնորհիվ նրա ֆիզիկական հնարավորությունները նկատելի բարելավվեցին։ Այսօր Գրիգորն արդեն ինքնուրույն տեղաշարժվում է, շարժում ձեռքերը։ Նա ժպտերես է, շփվող եւ շատ է սիրում լուսանկարվել ու լուսանկարել։ Սակայն նրա լսողությունը, մոր խոսքով, օր օրի վատանում է, եւ հիմա նա կարող է լսել միայն շատ բարձր ձայները։
Անուշ Տոնոյանը հույս ունի նաեւ հնարավորության դեպքում ամբողջովին հետազոտել տղային։ Վերջին շրջանում նա նկատել է, որ տղան չի կարողանում պահել գլուխը։ Բացառված չէ, որ նա վերականգնողական բուժման կարիք ունենա մասնագիտացած կենտրոններից մեկում, որտեղ նրան կարող են օգնել ինքնուրույն ու ավելի լավ քայլել։
Վազգեն Հարությունյանի մահից հետո նրա ընտանիքը շարունակում է ապրել Շուշիում։ Նրանք չեն սիրում խոսել այդ մասին, բայց նրանց տանը չկան կահույքի պարագաներ, որոնք կթեթեւացնեին նրանց կյանքը։ Մասնավորապես նրանց տունը գազիֆիկացված է, բայց չունեն գազօջախ, չկան բազմոց եւ բազկաթոռներ։ «Եվ աթոռներ»,– կամացուկ հուշում է Վազգենի կրտսեր տղան՝ 13-ամյա Ալեքսանդրը։
Որոշ բարեգործներ եւ հիմնադրամներ պատրաստակամություն են հայտնել օգնել ընտանիքին։ NEWS.am Medicine–ի թղթակցին «Հայաստանի մայրեր» ՀԿ ղեկավար Նարինե Մանուկյանն ասաց, որ անանուն դոնորը պատրաստ է Գրիգորի համար լսողական ապարատ գնել։ ԱՄՆ Armenian Wounded Heroes Fund հիմնադրամի դոնորները պատրաստ են օգնել կահույք գնել եւ անհրաժեշտության դեպքում օգնել Գրիգորի բուժման ֆինանսավորման ու կազմակերպման հարցում։ Կան նաեւ այլ անանուն բարեգործներ, որոնք պատրաստ են օգնել կահույք գնելու եւ տան վերանորոգման հարցում։ Զոհված Վազգեն Հարությունյանի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին.
Արցախ բանկ, քաղաք Շուշի
22 3000 2140 2100
Ստացող՝ Անուշ Տոնոյան


































