Հայաստանում մեկ տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի մասնակիցների դեմ բռնությունը ոչ միայն չմարեց ցույցը, այլ ընդհակառակը՝ մոբիլիզացրեց մարդկանց։ Այս մասին հունիսի 23-ին՝ «Էլեկտրիկ Երեւան. գնահատականներ եւ կարծիք մեկ տարի անց» թեմայով քննարկման ժամանակ, ասել է «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ անդամ Դանիել Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ դրանից ավելի շատ զայրացան։ «Ոստիկանության գործողությունները մարդկանց ոգեւորեցին պայքարի դուրս գալ։ Դա միայն էլեկտրաէներգիան 7 դրամով թանկացնելու դեմ պայքար չէր, դա ավելի սկզբունքային հարց էր»,– ընդգծել է Իոաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 237 մարդու՝ ասելով, թե նրանք բոլորը կասկածվում են խուլիգանության մեջ։ «Հետք Քննչական կոմիտեն հայտարարեց, թե ոչ մի խուլիգանություն չի եղել։ Ոստիկանությունն առ այսօր չի պատասխանել հարցին, թե ինչ զանգվածային հալյուցինացիա էր պատել ոստիկաններին, որ նրանք 237 մարդու գործողություններում խուլիգանություն էին տեսել»,– հավելել է Իոաննիսյանը։





























