Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչների հետ հանդիպում չի կազմակերպվել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նոր նախագծի  լուծումների վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Գառնի համայնքի բնակիչ տիկին Գոհարը.  «Առանց մեզ հետ  խորհրդակցելու ստահոդ լուրեր են տարածում, թե հանդիպել են, բայց դա չի եղե: Այդ լուծումով մեզ էլի նույն վնասն են տալիս, ինչ տարբերություն՝ ներքեւ, թե վերեւ են այն կառուցելու»,-ասաց նա:

Նշենք, որ փոխզիջումային տարբերակի համաձայն՝ նախատեսվում է Քաղցրաշենի ինքնահոս համակարգի ջրառի նախատեսված գլխամասային հանգույցը տեղափոխել Ազատ գետի հունով 5.2 կմ ներքև` ներկայումս գործող Գեղադիր-Հացավան պոմպակայանի տարածք: Այս մոտեցումը հնարավորություն կտա խուսափել կիրճի՝ որպես հանգստյան գոտի ներկայացվող տարածքներում շինարարական աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաև՝ հեռացնել ջրառի կետը բնության հուշարձաններից` բացառելով կիրճի գրեթե բոլոր հողատերերի առնչությունը ծրագրին: Նախագծի համաձայն՝ գետում նոր ջրառի հանգույց չի կառուցվի, այլ կօգտագործվեն գոյություն ունեցող պոմպակայանի ենթակառուցվածքները` Ազատ գետից ջրառ իրականացնող առկա գլխամասային հանգույցը, ինչպես նաև՝ պահպանվող տարածքում առկա շենք-շինությունները, ճանապարհները, էլ. սնուցման գծերը և ենթակայնները:

Գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր: