Ի պաշտպանություն հունիսի 20-ին ձերբակալված եւ հունիսի 22-ին կալանավորված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի իրազեկման երթն ավարտվեց: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ երթի մասնակիցները քայլելով Երեւանի կենտրոնական փողոցներով, քաղաքացիներին հորդորեցին միանալ իրենց պայքարին՝ ազատելու Ժիրայր Սեֆիլյանին եւ Հայաստանը ներկայիս իշխանություններից:

Երթի մասնակիցները վանկարկելով «Ազատություն Ժիրայր Սեֆիլյանին», «Փառք Սեֆիլյանին» «Պահանջում ենք ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին»՝ քայլեցին կենտրոնական փողոցներով եւ այն ավարտեցին Երեւանի Ազատության հրապարակում:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները հայտարարեցին, որ Ժիրայր Սեֆիլյանի ազատության պահանջով առաջիկայում նախատեսվում են մի շարք երթեր եւ բողոքի ակցիաներ:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց: Նա դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ այն շինծու է։

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: