Լիբանանյան «Հըզբալլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլան պնդում է, որ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են մի քանի հազար զինյալ ուղարկել Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգ՝ նպատակ ունենալով գրավել այն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նա ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումներն օգտվեցին «հրադադարի ռեժիմից»՝ իրենց դիրքերն ամրացնելու եւ նոր հարձակում սկսելու համար:

Նասրալլայի պնդմամբ, տարածաշրջանում «Սիրիայի դեմ նոր ռազմական ծրագրեր են» նախապատրաստվում: «Հըզբալլահ»-ի ղեկավարը նաեւ խոստացել է, որ լիբանանյան դիմադրության մարտիկները կշարունակեն պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ:

Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք առայժմ չեն մեկնաբանել այս հայտարարությունը:

«Հունիսի սկզբից մենք Հալեպում 26 զոհ ենք ունեցել, մեկ գերի եւ մեկ անհետ կորած»,- հայտարարել է Նասրալլան:

«Հըզբալլահ»-ն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում է սիրիական ճգնաժամի գրեթե սկզբից: Լիբանանյան շարժման ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրենց մարտիկները «ծայրահեղականության դեմ պայքարում կանգնել են սիրիական կառավարության կողքին եւ շարունակում են ակտիվորեն գործել ինչպես հարեւան երկրի տարածքում, այնպես էլ լիբանանա-սիրիական սահմանին՝ խոչընդոտելով ահաբեկչական խմբավորումների զինյալների ներթափանցմանը Լիբանանի տարածք»: