Զառա Պետրոսյանի հետ մենք հանդիպեցինք երեւանյան սրճարաններից մեկում։ «ԿԱՆՏՈՒՍ» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը նախընտրում է կուլիսներից դուրս մնալ՝ աստղային ուղի ցույց տալով մյուսներին։
Պրոդյուսերը եւ ռեժիսորը երկար տարիներ երիտասարդ հայ կատարողներին ներկայացնում է միջազգային փառատոններում եւ մրցույթներում։ Կենտրոնն ունի 13 դափնեկիր եւ ավելի քան 30 մրցանակ։
Զառա Պետրոսյանը նաեւ Հայաստանի, Մոլդովայի, Բուլղարիայի, Չեխիայի, Մալթայի, Մակեդոնիայի ու Բելառուսի բազմաթիվ փառատոնների ու միջազգային մրցույթների պատվավոր հյուրն է եւ ժյուրիի անդամը։
NEWS.am–ը ներկայացնում է հաջողակ պրոդյուսերի հետ հարցազրույցը, որտեղ նա բացատրում է, թե ինչու է հաճախ փոխում արտիստներին, թե ինչպես ռաբիս կատարողները հայտնվեցին հեռուստատեսությունում եւ ինչու նա սկսեց աշխատել նաեւ երեխաների հետ։
Երաժշտական ինդուստրիայում շատ դրայվ կա: Դա հոյակապ է, բայց ինձ հաճախ պակասում է երաժշտությունը:
Եվրատեսիլը գնալով ավելի քաղաքականացված է դառնում: Բայց սխալ է այլ երկրների մեղադրելը, որովհետեւ մենք այդ հարթակը նույնպես մեր շահերի համար ենք օգտագործել:
Բոլոր նրանք, ովքեր Եվրատեսիլում ներկայացրել են Հայաստանը, մեծամասամբ արժանի արտիստներ են եղել: Այլ հարց է երգը, որով նրանք ներկայացրել են երկիրը: Հաճախ նրանց պակասել է ճաշակը եւ ձեւաչափի ընկալումը: Չնայած արդեն դրական տեղաշարժեր կան:
.jpg)
Անդրեի եւ Միկայի հետ
Մեր արտիստները չեն ձգտում պրոդյուսեր ունենալ: Նրանց թվում է, թե երաժշտական ղեկավար ունենալը փողի ավելորդ ծախս է: Իրենք` պրոդյուսերները, եւս չեն ձգտում դրան: Երկիրը փոքր է, կարելի է ասել` աղքատ է, եւ փորձը ցույց է տալիս, որ այսօր այդ աշխատանքը երկարաժամկետ հեռանկարում արդարացված չէ:
Ես բիզնես-լեդի չեմ: Իմ մասնագիտությամբ բիզնեսով զբաղվելը ինձ համար շատ դժվար է մի շարք օբյեկտիվ պատճառներով, որոնք ինձնից կախված չեն:

Մեզ մոտ երգիչներն իրենք էլ չգիտեն, թե ուր են գնում, եւ վաղն իրենց հետ ինչ կլինի: Ես 15 դափնեկիր ունեմ: Որտե՞ղ են նրանք: Ռեստորաններում: Մեզ մոտ քիչ համերգներ են լինում եւ հիմնականում նրանք փող են վաստակում «խորովածի» տակ: Շատերին դա բոլորովին դուր չի գալիս: Իսկ ինչ անեն, եթե ուրիշ ոչինչ չեն կարողանում անել: Ես ըմբռնումով եմ մոտենում դրան:
Մեր արտիստները տաղանդով չեն զիջում արեւմտյան աստղերին: Բայց վերջիններիս վրա հսկայական գումարներ են ծախսում, նրանցով փորձառու, ազդեցիկ պրոդյուսերներ են զբաղվում: Մենք կապվել ենք նման պրոդյուսերների հետ, նրանց նյութ ենք ուղարկել, նրանք պատասխանել են՝ օ՜հ, հոյակապ է, իսկ հետո հարց է հետեւել՝ ձեր բյուջե՞ն: Եվ դրանով ամեն ինչ ավարտվել է:

Էրիկի հետ
Ռաբիսը միշտ գոյություն է ունեցել, այդ թվում նաեւ` խորհրդային ժամանակ, բայց միայն ռեստորաններում էր հնչում: Մենք երկար տարիներ պարել եւ ուրախացել ենք ռուսական փոփ երաժշտության տակ: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, ռուսական փոփ երաժշտությունը հեռացավ եւ մենք ուրախ երաժշտության վակուում ունեցանք: Եվ երբ հասկացանք, որ մենք չունենք դա, գործի դրեցինք «ռեստորանը»: Գումարած` «ռեստորանը» միշտ լավ է վաստակել, եւ այդ երգիչներն իրենց անկաշկանդ էին զգում: Նրանք փող ունեին եւ այդ փողով նրանք եկան ռադիո եւ հեռուստատեսություն:

Ալեքսանդր Plato–ի հետ
Այո, իմ արտիստները հաճախ են փոխվում: Այդպես ես ինձ համար հետաքրքրություն եմ ապահովում: Որպես կանոն, երգիչները որեւէ բանի հասնելով, թուլանում են: Այստեղ եւ ալարկոտությունն է պատճառը, երբեմն նաեւ վնասակար սովորույթները: Եվ զգում ես. այլեւս նպատակ չկա: Որտեղ նպատակ չկա, այնտեղ ավարտվում է ստեղծագործությունը: Եվ դա ինձ արդեն հետաքրքիր չէ:

Ավետ Բարսեղյանի եւ Միկայի հետ
Ես ինձ մեղադրում եմ նրա համար, որ անցնում եմ գիծը: Իմ երգիչների համար ընկեր, քույր, մայր եմ դառնում: Ինչ-որ պահի հասկանում եմ, որ կրում եմ ուրիշների խնդիրների բեռը: Դեպքեր են եղել, երբ երգիչները հիվանդանոց ընկնելով` «Զառային» են կանչել, ոչ թե «մայրիկին»: Հասկանո՞ւմ եք: Իսկ մյուս կողմից գուցե հենց այդ ամենը համատեղ է արդյունք տալիս: Եթե ես այդպիսին չլինեի, գուցե այսպիսի հրաշալի արվեստագետներ եւ այսպիսի հաղթանակներ չէի ունենա:

Marbey–ի (Մարինե Հակոբյան) հետ
Երբ ես դեռ նոր էի սկսում եւ իմ հաշվին երգիչներին մրցույթների էի տանում, ասում էի. «Աստված իմ կողմից է»: Եվ ուր էլ գնայինք, մենք ամենուր մրցանակներ էինք ստանում, փակում էինք բոլոր ծախսերը եւ առաջ շարժվում: Մեր բոլոր հաղթանակների հետեւում ծանր աշխատանք էր կանգնած:
Ես «փոքր խումբ» ունեմ, ես երկար տարիներ աշխատում եմ նրա հետ: Արմեն Սարգսյանը (Բրդե), Տիգրան Իշխանովը, Արման Օրդյանը, Զավեն Խաչիկյանը, Հասմիկ Մովսիսյանը, Ավետ Բարսեղյանը, Էլիտա Հարությունյանը. նրանք տաղանդավոր են եւ գիտեն իրենց գործը:
Ինձ ոչ ոք չի աջակցում, չնայած ես Հայաստանի դրոշը բարձրացնում եմ ամբողջ աշխարհում: Արժանապատվորեն պաշտպանում եմ իմ երկրի մշակույթը: Իմ ծառայողական ցուցակն ինքնին խոսուն է: Ես այդ ամենը սեփական նախաձեռնությամբ եմ անում:

Որովհետեւ սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ: Դրանում ինձ չի օգնում ոչ պետությունը, ոչ հասարակական կառույցներ: Ընդհուպ մինչեւ այն, որ տանն եմ պարապում կամ տարածք եմ վարձում:
Ինչու սկսեցի նաեւ երեխաների՞ հետ աշխատել: Որովհետեւ հոգնեցի ցածրորակ երաժշտության շուկայի դեմ պայքարելուց: Իսկ երեխաների հետ որ ոլորտ ուզոմ ես, աշխատիր` ռոքնռոլ, ջազ, ռեփ, հիփ-հոփ:
Եթե համեմատենք մեր եւ ռուսաստանցի երգիչների աշխատունակությունը, վերջիններս այնուամենայնիվ առջեւում են: Նրանց սովորեցնում են ջանք գործադրել: Մեր երգիչներից ես կնշեի Անդրեին, Էրիկին, Միկային, Marbey-ին՝ որպես արտիստների, որոնք չեն կորցնում բեմի հանդեպ հարգանքը:

Ես երեք հեղինակային ալբոմ ունեմ: Ուրախանում եմ հեղինակային երգի ոլորտում իմ մրցանակներով: Երգեր կան, որոնք երգվում են Եվրոպայում` բուլղարերեն եւ ֆիններեն: Մանկապատանեկան «Խաղ ու պար» ծրագրի հետ համերգային շրջագայությունների շարքեր եմ պատրաստում: Իմ ծրագրի հանդեպ հետաքրքրություն են դրսեւորում Ամերիկայում, Կանադայում, Ռուսաստանում: Մինչեւ տարեվերջ միջազգային փառատոներին եւ մրցույթներին դարձյալ հայ արվեստագետների կներկայացնեմ` ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների: Նոր մրցանակակիրների սպասեք:
Այո, ստեղծագործական երեկո եմ նախատեսել: Ծրագիրը վաղուց արդեն պատրաստ է: Միայն հնարավորության եմ սպասում:

Դալիթայի հետ
Ուզում եմ, որ արվեստին ուշադրություն դարձնեն նրանք, ովքեր լծակներ եւ ֆինանսական հոսքեր ունեն: Նոր սերունդը ցնցող է: Այն ստեղծագործ է, խելացի, հետաքրքիր, գեղեցիկ: Ուզում եմ, որ այդ սերունդը հավատա նրան, ինչ անում է: Հավատա իր մասնագիտության ապագային:

«Compass Band» & Միկայի հետ


«Խաղ ու պար» մանկապատանեկան ծրագրի արտիստների հետ





























