Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի միջազգային տերմինալի ելքի, մուտքի մոտ եւ ավտոկայանատեղիում տեղի ունեցած պայթյունները հունիսի 28-ին 36 մարդու կյանք են խլել, եւս 147-ը վիրավոր է:

Ականատեսները պատմել են, որ երեք մահապարտներ օգտագործել են նաեւ հրազեն: «Մենք տեսանք, թե ինչպես մի տղամարդ անկանոն կրակում էր: Նա կրակում են ցանկացած մարդու ուղղությամբ, ով հայտնվում էր իր առջեւ: Նա ամբողջությամբ սեւ էր՝ առանց դիմակի»,-պատմել է զբոսաշրջիկներից մեկը:

Մեկ այլ ականատես հստակեցրել է, որ հաշվել է մոտ 50 կրակոց: Օդանավակայանի աշխատակցի խոսքով, շատերը տուժել են ոչ թե պայթյուններից, այլ ապակիների կտորտանքներից:

Համացանցում օգտատերերը հրապարակում են տեսանյութեր դեպքի վայրից: Տեսանյութերից մեկում երեւում է ուժեղ բռնկում տերմինալի դահլիճում, ապա մարդիկ սկսում են փախչել տարբեր կողմեր: