Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած բոլոր պայմանավորվածություններն իրականացվում են պատշաճ մակարդակով: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագրին եւ 200 մլն դոլարի վարկային համաձայնագրին:

«Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացում է ապրում: Ռուսաստանի Դաշնությունից ենք մենք ամենամեծ ծավալի ներկրումներն իրականացնում դեպի Հայաստան սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մասով: Ռուսաստանն է նաեւ, որն աջակցում է տարածաշրջանում ապահովել հավասարակշռությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ըստ պաշտպանության նախարարի, նախորդ տարի կնքված վարկային համաձայնագիրը հնարավորություն է տալիս ունենալ ժամանակակից սպառազինություն, գնումներն իրականացնել ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում ներքին գներով, կապ հաստատել տարբեր ձեռնարկությունների հետ, հնարավորություն ունենալ համատեղ ձեռնարկություններ ձեւավորել. «Միջպետական վարկի իրականացման բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվել են, պայմանագրերի 80 տոկոսն արդեն կնքվել են, իսկ մնացած 20 տոկոսի պայմանագրերն էլ առաջիկայում կկնքվեն»:

Ինչ վերաբերում է ՀՕՊ համաձայնագրին, Սեյրան Օհանյանը կրկին ընդգծեց, որ այն թույլ է տալիս ՀՀ տարածքում մեր օդային պաշտպանության խնդիրներում ներառել Ռուսաստանի 4-րդ սերնդի բազմաֆունցիոնալ կործանիչները, օդա-տիեզերական բոլոր զորքերը:

«Մենք հնարավորություն կունենանք լուրջ հետախուզական տվյալներ ունենալ, որոնք ընդհանուր տեղեկատվական դաշտում կլինեն եւ կկանխարգելեն այն բոլոր խախտումները, որոնք օրինակ, կիրագործեն մեր հակառակորդները: Այս առումով ավելի վստահելի գործընկեր, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, մենք չենք տեսնում»,- ասաց նախարարը: