Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում հունիսի 30-ին տեղի  ունեցած վիճաբանության ժամանակ    դանակահարության հետեւանքով մահացած 16-ամյա Հայկի հարեւաններից ոմանք ականատես են եղել, որ  Հայկին մահացու հարվածներ է հասցրել նույն թաղամասի բնակիչ Ռոբերտ Սահակյանը: Վիճաբանությունը տեղի է ունեցել մահացած տղայի տնից ոչ հեռու:

NEWS.am-ի հետ զրույցում Հայկի հարեւանները պատմեցին, որ Ռոբերտը հարձակվել է Հայկի ավագ եղբոր վրա, իսկ Հայկն օգնության է հասել եղբորը, որի ընթացքում էլ ստացել է մահացու հարվածը: Դեռ պարզ չէ՝ ինչից է առաջացել վիճաբանությունը, հարեւանների խոսքով՝ Ռոբերտը ալկոհոլի ազդեցության տակ է եղել եւ այդ պատճառով էլ վիճաբանություն է սկսել:

«Հայկը լույսի նման տղա էր, էս փողոցում բոլորս իրեն շատ էինք սիրում, արտաքինով էլ, բնավորությամբ էլ տարբերվում էր բոլորից, գեղեցիկ, հրաշք բալիկ էր: Դեպքի ականատեսները պատմում են, որ Հայկն օգնության է հասել եղբորը ու էդ ընթացքում էլ հարվածել է էդ սրիկան»,-պատմեցին հարեւանները:

16-ամյա Հայկին եւ նրա 28-ամյա եղբորը դանակահարությունից հետո առաջինն օգնության է հասել նրանց ազգականը, որի ձեռքերի մեջ էլ 16-ամյա տղան մահացել է, իսկ Հայկի ավագ եղբայրը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակն այս պահին ծանր է:

Հարեւանները պատմեցին, որ Անդրանիկ Ասրյանը բնակվում է Ռւսաստանի դաշնությունում, նա մի քանի օր առաջ էր եկել Հայաստան եւ այսօր պետք է վերադառնար. «Անդրանիկն էլ ամուսնացած է, երեխայի ու կնոջ հետ Ռուսաստանում են ապրում, իսկ այսօր պետք է Ռուսաստան գնար»:

16-ամյա Հայկը ունի 4 եղբայր եւ 3 քույր, իսկ եղբայրներից մեկը 7 տարի առաջ մահացել էր:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում գիշերը տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով մահացել է 16-ամյա Հայկ Ասիրյանը:  Կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն  են տեղափոխվել 16-ամյա Հայկ Ասիրյանը, նրա եղբայր 28-ամյա Անդրանիկ Ասիրյանը եւ 26-ամյա Ռոբերտ Սահակյանը:

Նախնական տեղեկություններով, եղբայրներին դանակահարել է Ռոբերտ Սահակյանը։

Ռոբերտ Սահակյանը ձերբակալվել է, հանցագործության գործիք դանակն առգրավվել է: