Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հունիսի 28–ի ուշ երեկոյան ահաբեկչություն իրականացրած 3 մահապարտներից 2–ի ինքնությունը հայտնի է դարձել։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բաքըրքյոյի դատախազությունը Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության հետաքննության գործում հաստատված է համարել, որ 3 մահապարտներից 2–ը Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող Ռաքիմ Բուլգարովն ու Վադիմ Օսմանովն է։

Նշվում է, որ մահապարտները տուն վարձակալելու ժամանակ բրոքերին անձնագրի պատճեներ էին տվել, որով էլ հնարավոր է եղել պարզել մահապարտների ինքնությունը։

Օդանավակայանի ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվը հասել է 24–ի։

Նշենք, որ ավելի վաղ նշվում էր, թե մահապարտները եղել են ՌԴ–ի, Ուզբեկստանի ու Ղրղզստանի քաղաքացիներ։

Հունիսի 28–ի ուշ երեկոյան Ստամբուլի օդանավակայուն իրականացված խոշոր ահաբեկչության հետեւանքով սպանվել է 44 եւ վիրավորվել 237 քաղաքացի։ Սպանվածներից 13–ը եղել են օտարեկրացիներ։