Այն կարծիքը, որ գյումրեցիները դժգոհ են իշխանություններից, ճիշտ չէ: NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Շիրակի Մարզպետ Հովսեփ Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե սահմանադրական հանրաքվեի արդյունքից հետո, երբ իշխանությունը պարտվել էր Գյումրիում, հաղթելու ինչ շանսեր ունի քաղաքապետի ընտրություններում:

«Չեմ կիսում այդ կարծիքը, որ գյումրեցիները դժգոհ են իշխանությունից, դա էդպես չի: Կարող է մի տեղ կատարված աշխատանքը լավ չի ներկայացվել,  բայց որ նույն գործող իշխանությունները շատ բան են արել, ներդրում արել բնակարանաշինության մեջ, չի կարելի թերագնահատել»,-նեղսրտեց դաշնակցական մարզպետը:

Դիտարկմանը, որ հանրաքվեի ժամանակ Գյումրիում իշխանությունների պարտվեցին, մարզպետն արձագանքեց. «Ամեն անգամ փորձում են Գյումրի քաղաքը ներկայացնել ընդդիմադիր, ինչի՞ն են  օրինակ ընդդիմադիր: էսօր ավելի շատ փորձում են ներկայացնել, քան իրականում կա:  Կարող է էդ հանրաքվեի մասով ուրիշ կարծիք չկիսեք, բայց ասեմ` կարող է «ոչ» արդյունքը Սահմանադրությունը ժողովրդին լիարժեք չիրազեկելու պատճառով էր»:

Հարցին` որքանո՞վ է հաջողվել քաղաքապետ Սամվել Բալասանյանին լուծել Գյումրիի խնդիրները, Սիմոնյանը նախընտրեց գնահատականներ չտալ:

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետի ընտրությունները նախատեսված են այս տարվա հոկտեմբերի 2-ին, թեեւ դեռ վերջնականապես օրը չի հայտարարվել:  Խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր առանցքային ուժերը հայտարարել են, որ մասնակցելու են այդ ընտրություններին, սակայն  թեկնածուների հարցում դեռեւս ՕԵԿ-ն ու Դաշնակցությունն են կողմնորոշվել: Կուսակցությունները այն դիտարկում են խորհրդարանական ընտրություններից  առաջ «ռեսթարթ» լինելու ու իրական ռեսուրսները գնահատելու հնարավորություն, ինչի պատճառով արդեն Հայաստանի երկրորդ մայրաքաղաքում սպասվում է թեժ մրցապայքար: