«Ազատամարտիկների դաշինքը» հնարավոր է համարում քաղաքական ուժերի հետ իրենց համագործակցությունը, չի բացառվում նաեւ համագործակցությունը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցության հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

Նշենք, որ նախկինում «Ազատամարտիկների դաշինքը» միացել էր ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» եռյակի միասնական իշխանափոխության պայքարին եւ հայտարարում էր, որ պատրսստ է մշտապես աջակցել այն քաղաքական ուժերին, որոնք փողոց դուրս կգան հանուն ժողովրդի, սակայն վերջերս այս դաշինքի անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը համալրեց Վարդան Օսկանյանի գլխավորած կուսակցության շարքերը:

Հարցին, թե հնարավո՞ր է` դաշինքը հիմա էլ սատարի այս կուսակցությանը, Ռազմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Մենք ասել ենք`պատրաստ ենք կանգնել այն ուժերի կողքին, որոնք ժողովրդին կհանեն այս ծանր վիճակից,  երբ որ կլինեն գործողություններ, կհամոզվենք այդ հարցում, կսատարենք: Մենք բոլորի հետ էլ հանդիպելու, քննարկելու հնարավորություն ունենք: Ես  Օսկանյանի քաղաքական ուժին ծանոթ չեմ, ոչ էլ իրենց անելիքներին: Ամեն մեկը  հիմա պատրաստվում է առաջիկա ընտրություններին, թող հավաքվեն, տեսնենք` իրենք ինչ ծրագրով են հանդես գալու, ով ում հետ է համագործակցելու, հասկանանք` ինչ իրավիճակ է, նոր կքննարկենք:  Համագործակցելու տարբերակը բացառված չէ, բոլորի հետ էլ պատրաստ ենք համագործակցել , եթե լավ ծրագիր ներկայացնեն, կտեսնենք»: