Հայաստանի ՊՆ վարչական համալիրում, այսօր՝ հուլիսի 2-ին, ամփոփվել են Ռազմական սպորտի օրվան նվիրված մարզական մրցումների արդյունքները:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 26-ից հուլիսի 1-ը անցկացված մարզական միջոցառման խաղացանկում ներառված ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ, շաշկի եւ հրաձգություն մարզաձեւերում անհատական եւ թիմային հաշվարկով հաղթողներին մրցանակներ` գավաթներ, մեդալներ եւ պատվոգրեր է հանձնել պաշտպանության նախարարը:
Ողջունելով մրցանակակիրներին եւ մարզական միջոցառման բոլոր մասնակիցներին, Սեյրան Օհանյանը կարեւորել է նմանօրինակ համաբանակային միջոցառումները եւ ընդգծել, որ «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով մրցակցային առողջ մթնոլորտում ամեն տարի զինված ուժերում անցկացվող մարզական մրցումները նպաստում են անձնակազմի առողջության, ֆիզիկական եւ մարտական պատրաստվածության ամրապնդմանը:
«Զինված ուժերում անկացվող մարզական միջոցառումները միտված են ֆիզիկական պատրաստության դերը բարձրացնելուն եւ ռազմակիրառական մարզաձեւերը մասսայականացնելուն, մրցակցային առողջ մթնոլորտում լավագույններին ու շնորհալիներին ի հայտ բերելու եւ խրախուսելու նպատակ ունեն»,-ասված է հաղորդագրության մեջ:





























