ՌԴ-ի իշխանությունները մտադիր չեն առեւտրում զբաղված նիշաներն ազատել որեւէ այլ երկրի համար, ներառյալ Թուրքիան, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: 

«Սա գործընթաց է, որը երեք փուլի կբաժանվի առեւտրատնտեսական համագործակցության վերականգնման, ինչպես նաեւ դրա հետ կապված մի շարք քաղաքական հարցերի լուծման համար, ներառյալ վիզաները եւ որոշ այլ հարցեր: Եկեք առաջ չընկնենք, մենք պատրաստ ենք մեր թուրք գործընկերների հետ վարել այդ բոլոր բանակցությունները», — ասել է Մեդվեդեւը Սերգեյ Բրիլեւի հետ  «Շաբաթվա լուրեր» ծրագրում:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ՌԴ-ի իշխանությունները  «տնտեսությունը գիտակցաբար չեն փոխի որեւէ պետության համար, այդ թվում նաեւ` մեր խոշոր առեւտրական գործընկերոջ` Թուրքիայի»:

Վարչապետը հիշեցրել է, որ մինչեւ բարդացումների ժամանակը Թուրքիան   Ռուսաստանի արտաքին տնտեսական շրջանառության մինչեւ   5 տոկոսն է զբաղեցրել: «Դա իրականում հսկայական թիվ է: Այնուամենայնիվ, այն, ինչ եղել է, եղել է: Ուղիղն ասենք` ոչ մեր մեղքով: Այդ պատճառով տնտեսական որոշ նիշաներ զբաղեցվել են այլ երկրների կողմից»,-հավելել է Մեդվեդեւը:

Նա պարզաբանել է, որ խոսքը գյուղատնտեսական մթերքների մատակարարումների մասին է, դա վերաբերում է նաեւ զբոսաշրջային արտադրանքին եւ համագործակցության այլ ուղղությունների: «Բնականաբար, նրանց նկատմամբ, ովքեր բարի մտադրություններով են եկել մեր շուկա, մենք որոշում չենք կայացնի նրանց հեռացնելու կամ ինչ-որ ազդանշան տալու, որ այժմ վերադառնում են   մթերքների, ապրանքների թուրք մատակարարները կամ ծառայություններ տրամադրողները… Ոչ, ամեն ինչ կմնա, ինչպես կա», — հայտնել է պետության ղեկավարը` նշելով, որ դա վերաբերում է նաեւ Եվրամիության հետ կապերին: 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել, որը շտկում է Թուրքիայի հանդեպ հատուկ միջոցները: Ուղղակիորեն չեղյալ է համարվում երկու սահմանափակում. դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղեգրեր վաճառքից ձեռնպահ մնալու հանձնարարականը եւ չարտերային ավիափոխադրումների արգելքը:  Հրամանի մնացած կետերն առայժմ ուժի մեջ են մնում, սակայն ՌԴ կառավարությանը հանձնարարված է  թուրքական կողմի հետ բանակցություններ վարել եւ արդյունքում առաջարկներ մտցնել ժամկետների կամ հատուկ միջոցառումների բնույթի փոփոխության վերաբերյալ: