Տաջիկստանը կողմնակից է ԼՂ խնդրի միայն խաղաղ կարգավորմանը եւ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նշել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովը:
Նրա խոսքով, Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման: «ԼՂ խնդիրը եւս կարեւոր տեղ է զբաղեցրել մեր քննարկումներում: Ես մեր խորը մտահոգությունն եմ հայտնել կապված այս տարվա գարնանը իրավիճակի սրման հետ, որը մարդկային զոհերի ու մեծ կորուստների է հանգեցրել: Տաջիկստանը շարունակում է իր սկզբունքային դիրքորոշմանը, որ բոլոր հակամարտությունները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի, պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»,-ընդգծել է տաջիկ նախարարը:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է. «Մենք արժեւորում ենք Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կապակցությամբ եւ Մինսկի խմբի ջանքերի սատարումը»:





























