ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը կարծում է՝ ԼՂՀ սահմանադրությունը փոփոխելու կարիք չկա, դա իրականում արվում է իշխանության վերարտադրության համար:
«Մենք դեմ ենք փոփոխություննրի գործընթացին, գտնում ենք, որ ամեն նոր իշխանություն պետք է նոր սահմանադրություն չբերի: Մենք համոզված ենք, որ սահմանադրությունը փոփոխելու, սուպերնախագահական մոդելին անցնելու կարիք չկա: Եվ եթե մեզ նման երկրում նոր սահմանադրություն են բերում, դա անում են իշխանության վերարտադրության համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը՝ նշելով, որ կոնկրետ նախագիծը դեռ չկա:
Հայկ Խանումյանը նշեց, որ թեեւ մամլում քննարկվում է մինչեւ 2020թ. նախագահական նոր ընտրություններ չանցկացնելու տարբերակը, դա իրենց հետ պաշտոնապես չի քննարկվել:
«Ամեն դեպքում դա մեծապես կվնասի Արցախի ներքին կայունությանը, մեծ հարված կարող է հասցնել ժողովրդավարական գործընթացներին, միջազգային ճանաչման գործընթացին: Դա մի հարթության մեջ կդնի Արցախն ու Ադրբեջանը»,- ասաց նա:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերսկսվել են քառօրյա պատերազմի հետեւանքով ժամանակավորապես դադարեցված՝ սահմանադրական փոփոխությունների հարցերով մասնագիտական աշխատանքային խմբի քննարկումները:





























