Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Արման Լազգիյանի նախկին համադասաարանցիները այսօր՝ հուլիսի 2-ին Հյուսիսային պողոտայում գումար են հավաքում Գերմանիայում նրա բուժման համար: Ակցիան, որը նրանք կազմակերպել են, մեկնարկել է ժամը 15:00-ին ու տեւելու է մինչեւ 20:00:

Մառա Հարությունյանը ու Անահիտ Մկրտչյանը, ակցիայի կազմակերպիչները, երկու տարի սովորել են Արմանի հետ նույն դասրանում: Նրանց խոսքով, նրան ինչ-որ ձեւով օգնելու մտահղացումը իրենց մոտ առաջացել է այն պահին, երբ լսել են որ Արմանը ծանր վիրավորված է: Իսկ երբ նրանք իմացել են, որ Արմանին գումարը չի բավականացնում Գերմանիայում բուժվելու համար, պետությունն էլ նրան ոչնչով չի օգնում, հասկացել են, որ պետք է նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնեն:

Եվ աղջիկները իրենց համադասարանցիների հետ միասին սկսել են գումար հավաքել: Նրանք վստահ են, որ ցանկացած գումար, որ իրենց կհաջողվի հավաքել, շատ կօգնի իրենց համադասարանցուն:

Մինչեւ 20:00 Հյուսիսային պողոտայում հնչելու է հայկական ազգային երաժշտություն, լինելու են նաեւ պարային կոլեկտիվների ու երգիչների ելույթներ, իսկ անցորդները կկարողանան գումար տրամադրել վիրավոր զինծառայողի բուժման համար:

Արմանի նախկին համադասարանցիները նաեւ պատմել են, որ դպրոցում նա շատ ակտիվ ու շփվող էր, հումորի լավ զգացում ուներ, իսկ առարկաներից ամենից շատ սիրում էր հայոց լեզուն ու գրականությունը:

«Արմանը շատ լավ մարդ է: Բոլոր ուսուցիչները ու աշակերտները նրան սիրում էին»,- ասել են Մառան ու Արմինեն,- Մենք մեծ հույսեր ունենք, որ կկարողանանք գոնե ինչ որ բանով օգնել նրան»:

Հիշեցնենք, որ Արման Լազգիյանը ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ապրիլի սկզբին ստացել էր ողնաշարի վիրավորում ու ողնուղեղի վնասվածք: Ծանր վիճակում նրան հասցրել էին «Էրեբունի» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Մի շարք վիրահատություններից հետո Արմանի ծնողները ցանկացել են նրա բուժումը Գերմանիայում շարունակել. Հայ բժիշկները Արմանի համար արել էին այն ամենը, ինչ կարող էին, սակայն քանի որ Գերմանիայում վերականգնողական բուժումն ավելի զարգացած է, քան Հայաստանում, այնտեղ շատերի կարծիքով Արմանն ավելի շատ շանսեր ունի ոտքի կանգնելու համար:

Չնայած Հայաստանի կառավարության որոշմանը, որ այն վիրավորներին, որոնց Հայաստանում չեն կարող պատշաճ օգնություն ցուցաբերել, Կառավարությունը կուղարկի արտասահման բուժման, Արման Լազգիյանի վրա այդ որոշումը չի տարածվել: Բայց քանի որ ծնողները պնդում էին արտասահմանում բուժման իրենց մտադրութունը, կառավարության անդամները նրանց օգնել են «մասնավոր աղբյուրների» գումարներով: Օգնել են նաեւ հասարակ քաղաքացիները, որոնք գումարներ են փոխանցել այն հաշվին, որը բացվել է Արման Լազգիյանի անունով, ու նրան տեղափոխել են Գերմանիա:

Սակայն, ինչպես վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վիրավոր զինծառայողի հայրը՝ Միքայել Լազգիյանը, հիմա Գերմանիայում Արմանի վերականգնողական բուժումը շարունակելու համար եւս 160 հազար եվրո է պահանջվում:

Արմանին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները.

HSBC բանկ.

AMD 006057517001

RUB 006057517103

EUR 006057517102

USD 006057517101

Ստացող՝ Արման  Լազգիյան