Ռուսական ընկերությունները կոնկրետ ուղղություններով ավիափոխադրումներ իրականացնելու մենաշնորհ ունեն, եւ օգտվելով հանգամանքից, որ Վերին Լարսի անցակետը փակվել է, թանկացնում են ավիատոմսերի գները: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

«Ռուսական ընկերությունները մենաշնորհներ ունեն դեպի ՌԴ ուղղությունների վրա: Իրենք գալիս են հանցավոր համաձայնության, նույն հաճախականությունն են թողնում ու բարձրացնում են գները միասին: Սա հանցագործություն է, վատություն է իր պարտնյորի նկատմամբ»,- նշեց Շահեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատճառը, այսպես կոչված, բաց երկնքի քաղաքականությունն է, սեփական ավիափոխադրող չունենալը:

«Ռուսաստանը մենաշնորհել է տնտեսական ոլորտը եւ ինչ ուզում, անում է: Մեր կառավարությունը պետք է այնքան կամք ունենա, որ ազգային փոխադրող հիմնի, որ մրցակցություն լինի»,- ասաց Շահեն Պետրոսյանը: 

Նա նշեց, որ մենք ռուսական կողմից կախվածության մեջ ենք ընկել: Ըստ Պետրոսյանի՝ եթե Հայաստանն ունենար իր փոխադրողը, նման իրավիճակ չէր ստեղծվի: 

ՀՀ Քաղավիացիայի նախկին պետը նկատեց, որ տնտեսագիտության տրամաբանությամբ, եթե պահանջարկն ավելանում է, ասենք Վերին Լարսի փակվելուց հետո, չվերթների քանակը պետք է ավելացնել, այլ ոչ թե տոմսերը թանկացնել:

Նշենք, որ ավիատոմսերի գները Վերին Լարսի փակվելուց հետո (հունիսի 23) շուրջ կրկնակի թանկացել են: Օրինակ՝ դեպի Սոչի ավիատոմսի արժեքը հասել է 120 հազար դրամի, միակ ընկերությունը, որ ուղիղ չվերթ է իրականացնում այդ ուղղությամբ, «Աերոֆլոտն» է: Դեպի Կրասնոդար ավիատոմսի արժեքը հասել է 150 հազար դրամի, այդ ուղղությամբ չվերթներ են իրականացնում միայն «Ուրալը» եւ «Յուտեյր Արմենիան»: