Անօդաչու թռչող սարքերի մրցույթին, որն անցկացվում է երկրորդ անգամ, այս տարի եզրափակչին մասնակցում է տասը թիմ:
«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը պահանջում է, որպեսզի մասնակիցներն իրենց ստեղծած սարքերն ուղարկեն դեպի նպատակակետ, ապա թռչող սարքը պետք է նետի բեռը ու վերադառնա: Թիրախը 5մ տրամագծով շրջան է, որի վրա առկա են գծեր եւ նշաններ: Դրանք մատնանշում են այն կոորդինատը, որի վրա ռոբոտը պետք է բեռ գցի:
Դրանք են՝
1. Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Epic Dronе» թիմը
2. «iUAV» թիմը
3. «Eagle Eye» թիմը
4. Էլլիպս Ջի Էյ ընկերության «Sky protectors»
5. «Արծիվ» թիմը
6. «Սավառնակ» թիմը
7. «ՖայմԹեք» ընկերության թիմը
8. «Թեքնոլոջի ընդ սայնըս դայնամիքս» ընկերության թիմը
9. ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Բզբզողներ» թիմը
10. Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի «Roboechmiadzin» թիմը
Մրցույթն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ «Յուքոմ» ընկերության կողմից ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում:
«Ներկայում տեխնիկայի զարգացումն ընթանում է ավտոմատ կառավարվող սարքերի ուղղությամբ` կլինի ավտոմեքենաների, գնացքների, թե ինքնաթիռների դեպքում, եւ ցանկանում ենք երիտասարդների ուշադրությունը դարձնել դեպի այդ ուղղությունները»,-ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ հավելելով, որ մրցույթը երիտասարդական է, որին մասնակցում են նաեւ դպրոցականների թիմեր, հիմնականում ուսանողներ են ու երիտասարդ մասնագետներ:
Իր հերթին, ՀՀ պաշտպանության փոխնախարար, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշել է. «Մենք աշխատում ենք ոլորտի հետ, այսօր էլ ունեցել ենք հատուկ խորհրդակցություն, պետք է վստահեցնեմ, որ ոլորտի հետ շատ կոնկրետ խնդիրների վրա ենք աշխատում»:
Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ գնդապետ Բալայանի խոսքով, պարտադիր չէ, որ տեխնիկան ստեղծվի կռվելու կամ պատերազմելու համար, եթե ստեղծվում են սարքեր տնտեսության մեջ կիրառվելու համար, դա կբերի տնտեսության զարգացմանը, որն էլ իր հերթին` պետության հզորացմանը:
Նենք, որ «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթն իրականացվում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում: Այն նպատակ ունի զարգացնել ռոբոտաշինության ոլորտը Հայաստանում, հանրայնացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը, բացահայտել, խրախուսել տաղանդավոր հայ դպրոցականներին ու երիտասարդներին, ովքեր կարող են մեծ ավանդ ունենալ ՀՀ ռազմարդյունաբերության ու տեխնոլոգիական զարգացման գործում:
Հայաստանում «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից 2008թ-ից: 2014-ից ծրագրի շրջանակում ստեղծված ռոբոտաշինության խմբակներն աստիճանաբար արդիականացվում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ժամանակակից սարքերով: Միությունը հովանավոր ընկերությունների և կառավարության աջակցությամբ ԼՂՀ ու ՀՀ դպրոցներում հիմնել է արդեն շուրջ 130 խմբակ-լաբորատորիա:
Հիշեցնենք, որ ապրիլին «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում ԻՏՁՄ-ն և Ucom ընկերությունը իրականացրել են նաև «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթը:





























