«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը, որի բնակարան հունիսի 30-ին ոստիկաններ էին ներխուժել՝ կնոջը բերման ենթարկելու համար, դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ պահանջել քայլեր ձեռնարկել, որ ոստիկանները պատժվեն:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանը՝ նշելով, որ միեւնույն ժամանակ դիմում է նաեւ  գլխավոր դատախազին այդ պահանջով: 

«Ոստիկանները չունեին դատական սանկցիա ներխուժելու, բայց ուզում էին բռնի ուժով ներխուժել: Ես կարողացա դուրս մղել նրանց երեքին այն բանից հետո, երբ մեկն արդեն մտել էր ներս: Ես դուռը բացեցի, ինքը անմիջապես ներս մտավ, ես դիմացը կագնեցի, մի ձեռքով դուռն էի փակում, մարմնով իրեն էի բռնել, մյուս երկուսը դուռն էին հրում, ու նրանց գործողությունների հետեւանքով ձեռքս վնասվեց»,- NEWS.am-ին ասաց Կարո Եղնուկյանը՝ նշելով, որ պահանջում է պատժել նաեւ ոստիկանների վերադասին, որը հեռախոսով նրանց հրահանգել է ներս խուժել:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը պատմել է, որ հունիսի 30-ին կնոջը բերման ենթարկելու համար մի ոստիկան գնացել է իրենց տուն եւ այն խուզարկելու թույլտվություն չունենալով` փորձել ներխուժել ներս, թույլ չի տվել: Նրա խոսքով՝ մեկ ժամ անց այդ նույն ոստիկանը եւս երեք ոստիկանի հետ եկել է, ինքը դուռը կիսով չափ բացել է, ոստիկանը ներս է մտել, ինքը փորձել է թույլ չտալ, այդ ժամանակ որդին է հասել եւ նրա օգնությամբ կարողացել է հեռացնել ոստիկաններին: Կարո Եղնուկյանը ահազանգել է ՄԻՊ-ին՝ նշելով, որ ոստիկաններն առանց համապատասխան թույլտվության փորձում են իրենց տունը խուզարկել:

Նշենք, որ այդ ժամանակ կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը մասնակցելիս է եղել ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատավարությանը: Նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել, քանի որ նա հրաժարվում էր եւս մեկ անգամ ցումցունք տալ մարտին Մաշտոցի պողոտայում ակցիայի ժամանակ գլխի մասում վնասվածք ստանալու դեպքով:  Եղնուկյանները կարծում են, որ երրորդ անգամ ցուցմունք տալն ավելորդ է, դա գործը ձգձգելու համար է արվում: Նշենք, որ Ռուզաննա Եղնուկյանն այս գործով տուժող է ճանաչվել: