Առաջիկայում, ամենայն հավանակությամբ՝ օգոստոսին, Փարիզում կարող է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպում կայանալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
Նրա խոսքով, նախագահների առաջիկա հանդիպման մասին են վկայում վերջին շրջանում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող գործընթացները: «Հույս ունենք, որ դա բանակցային գործընթացը որակական նոր մակարդակի է հասցնում»,- նշեց Գեղամյանը: Նա հիշեցրեց, որ վերջերս հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ, որի ընթացքում Պուտինն ու Օլանդը քննարկել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը:
«Ես գրեթե վստահ եմ, որ Փարիզում հանդիպմանը կհետեւի եւս մեկ հանդիպում Միացյալ Նահանգներում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները փոխհամաձայնության գան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Դա նշանակում է, որ արդեն ներքին պատրաստակամություն կա՝ հակամարտության կարգավորման գործընթացը հասցնել տրամաբանական ավարտի՝ վերջնական համապարփակ համաձայնագրի մշակման եւ ստորագրման»,- ամփոփեց Արտաշես Գեղամյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հնարավոր հանդիպումը երրորդը կլինի ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ագրեսիայից հետո: Մայիսի 16-ին նախագահները հանդիպեցին Վիեննայում, իսկ հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում:





























