ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պնդում է, որ Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ իր մեկնաբանությունը խեղաթյուրվել է, եւ որ դա Հայաստանի ներքին գործն է։

«Նժդեհի արձանի տեղադրումը, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է, և ես խնդրում եմ գտնել նախկինում արած իմ մեկնաբանությունն ու բառացի մեջբերել այն: Նաև խնդրում եմ՝ չխեղաթյուրել իմ հնչեցրած բառերը, որովհետև այդպիսով դուք վնաս եք հասցնում: Եվ դա, բնականաբար, այն մարդկանց օգտին է, ովքեր Հայաստանի բարեկամները չեն»,-  Երեւանում «Ազատության»-ը ասել է Զախարովան, որն ուղեկցում է իր ղեկավարին՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։  Հիշեցնենք, այսօր՝ հուլիսի 4-ին, Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը:

Հարցին՝ արդյոք նա այժմ էլ այն կարծիքին է, թե Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը «նացիզմի հերոսականացման փորձ է», և Ռուսաստանի համար «հասկանալի չէ» այդ քայլը, Զախարովան պատասխանել է․ «Պատմության հետ կապված հարցերն իսկապես շատ բարդ են, և ամոթ նրանց, ովքեր օգտագործում են այդ հարցերն իրենց քաղաքական նպատակների համար այնպես, ինչպես շատերն արեցին՝ խեղաթյուրելով իմ մեկնաբանությունները»։