Վանաձորում հուլիսի 3-ին հրազենային վնասվածքից մահացած, ՌԴ քաղաքացի, ծնունդով վանաձորցի Արմեն Մնացականյանին սպանելու մեջ կասկածվում է Վանաձորում ծաղկի վաճառքով զբաղվող անհատ ձեռնարկատերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Արմեն Մնացականյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքը պատճառվել է ծաղկի վաճառքով զբաղվող անհատ ձեռնարկատիրոջ մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որից հետո վերջինը դիմել է փախուստի։
Պարզվել է վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը, շարժառիթը։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ անհատ ձեռնարկատիրոջը հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 104.-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապանություն եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում հուլիսի 3-ին տեղի է ունեցել սպանություն: Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափովել ՌԴ քաղաքացի Արմեն Մնացականյանը: Արմենը վերջերս էր Վանաձոր եկել մորը տեսակցելու: Ըստ շրջանառվող լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի բուսաբանական այգում:





























