Ռուսաստանը խոստացել է չեղյալ հայտարարել երկու երկրների հարաբերությունների սրումից հետո կիրառված հակաթուրքական պատժամիջոցները, եւ այժմ Անկարան սպասում է սահմանափակումների վերացմանը: Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է Le Monde-ին տված հարցազրույցում:

Միաժամանակ, Չավուշօղլուն ասել է, որ Անկարայի դիրքորոշումն անփոփոխ է մնում սիրիական հարցում, որը միշտ Մոսկվայի հետ անհաղթահարելի տարաձայնությունների պատճառ է եղել. թուրքական կողմը շարունակում է պահանջել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռանա իշխանությունից:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան կողմ է Սիրիայի հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորմանը, այդ թվում՝ ժնեւյան ձեւաչափի շրջանակում, սակայն այս փուլում, ըստ նրա, այդ տարբերակն ակնհայտորեն փակուղի է մտել:

«Լավագույն լուծումը քաղաքական ճանապարհն է: Եթե այն հաջողությամբ չպսակվի, պատերազմը երբեք չի ավարտվի, եւ ավելի շատ զոհեր կլինեն խաղաղ բնակիչների շրջանում, ավելի շատ արտագաղթողներ եւ մեզ մոտ, եւ Եվրոպայում», - ասել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 30-ին ստորագրել է հրաման, որով վերացվել են երկու սահմանափակումներ՝ դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթներ գնելուց զերծ մնալու հորդորը եւ չարթերային չվերթների արգելքը:  Մյուս սահմանափակումները դեռ մնում են ուժի մեջ: