Բանակում ծեծվելու հետեւանքով առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանը վերջապես տեղափոխվել է հոսպիտալ: NEWS.am-ի հետ զրույցում Արթուրի հորաքույր Ռիտա Հակոբյանը նշեց, որ նա հուլիսի 4-ից բուժվում է Երեւանի կայազորային հոսպիտալում: 

«Արդեն 3 օր է այստեղ է, իրեն ավելի լավ է զգում, հուսով ենք, որ բուժման կուրս անցնելուց հետո նրա վիճակը համեմատաբար կնորմալանա»,-ասաց տիկին Հակոբյանը:

Արթուրը նոյեմբերից առողջական լուրջ խնդիրներ ուներ, իսկ ընտանիքը անհրաժեշտ գումար չունենալու պատճառով չէր կարողանում  նրան հիվանդանոց տեղափոխել:

Արթուրին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է հանցադեպի բացակայության պատճառով:  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ, 2015թ. նոյեմբերի 13-ին որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին, իսկ զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող:

Արթուր Հակոբյանը 2015թ. նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել: Արթուրն ու նրա հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը՝ հարբած վիճակում, որի հետեւանքով էլ ձեռք է բերել առողջական խնդիրներ:

Արթուրին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նրա հորաքրոջը Ռիտա Հակոբյանին՝ 093898783 հեռախոսահամարով: