Իտալական Limes շաբաթերթին հարցազրույց տված Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ կրկին պնդելով, թե հայ-թուրքական անձայն դիվանագիտություն է ընթանում։

Իտալական պարբերականի լրագրողը հարցրել է Գյուլին, թե արդյոք, Թուրքիայի Եվրամիության անդամակցության համար նախապայմա՞ն  է հայկական հարցի լուծումը, հաշվի առնելով, որ ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացը կրկին սառեցվել է։  Ի պատասխան Թուրքիայի նախագահն ասել է, թե ԵՄ-ի անդամակցության եւ հայկական հարցի միջեւ կապ չկա։ «Իհարկե, Թուրքիան հետեւում է տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության քաղաքականությանը, ինչը տարածաշրջանի խնդիրների կարգավորման համար մեծ կարեւորություն է ներկայացնում։ Մենք աշխատել ենք Կովկասում կայունություն հաստատելու ուղղությամբ։ Հայկական հարցը լուծման կարիք ունի։ Հիմա էլ անձայն դիվանագիտություն վարելու ժամանակն է»-նշել է Գյուլը։

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի Թուրքիայի նախագահը, «անձայն դիվանագիտություն» ասելով, Գյուլը պատասխանել է. «Անձայն եւ վճռական դիվանագիտություն։ Այս պահին խնդրի լուծմանը հասնելու միակ միջոցը դա է։ Ես այդ կարծիքին եմ»։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Հայաստանի ԱԳՆ-ից բազմիցս հայտարարել են, թե Թուրքիայի հետ ներկայումս ոչ մի տեսակ բանակցություն չի ընթանում. ոչ «անձայն», ոչ էլ «վճռական»: