Ամբողջ աշխարհում կատարվող սեռական բնույթի բռնի գործողությունների կեսն ուղղված է 15 տարեկան կամ ավելի փոքր աղջիկների դեմ: Այս մասին նշվում է Բնակչության համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի ուղերձում:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Միջազգային հանրությունը հանձնառել է կայուն զարգացման նոր օրակարգ, որը հիմնված է արդարության եւ մարդու իրավունքների սկզբունքների վրա: Կայուն զարգացման նպատակների կենտրոնական խնդիրն է՝ չանտեսել ոչ ոքի:

Չնայած աղքատության նվազեցման եւ շատ մարդկանց բարեկեցության եւ հնարավորությունների խթանման ոլորտում գրանցված նշանակալի ձեռքբերումներին՝ հարյուր միլիոնավոր մարդիկ դեռեւս սպասում են առավել լավ ապագա ունենալու իրենց հնարավորությանը: Զարգացմանն ուղղված նախորդ նախաձեռնություններից ամենաքիչ օգտվածների թվում են աղջիկները՝ հատկապես ձեւավորվող դեռահասության շրջանում գտնվողները:

Այն ժամանակ, երբ աղջիկները պետք է գտնվեն դպրոցում եւ պատկերացնեն առջեւում իրենց սպասող հնարավորությունները, նրանցից շատերը, հասարակական եւ մշակութային հանգամանքներից ելնելով, ստիպված են լինում անտեսել իրենց ձգտումները: Դեռահասության հետ տղաների ընտրություններն ու հնարավորություններն ընդարձակվում են, մինչդեռ աղջիկների մոտ դրանք շատ հաճախ սահմանափակվում են: Ամբողջ աշխարհում կատարվող սեռական բնույթի բռնի գործողությունների կեսն ուղղված է 15 տարեկան կամ ավելի փոքր աղջիկների դեմ: Զարգացող երկրներում ամեն երեք աղջիկներից մեկն ամուսնում է դեռ 18 տարին չբոլորած: Ավելի քիչ է հավանական, որ դեռահաս աղջիկներն ընդունվեն եւ ավարտեն միջնակարգ դպրոցը, քան դեռահաս տղաները:

Այս անհավասարությունների շտկումը Կայուն զարգացման 2030 օրակարգի հաջողության հասնելու գրավականն է: Ահա թե ինչու է այն իր մեջ ներառում նաեւ գենդերային հավասարության եւ բոլոր կանանց ու աղջիկների հավասար հնարավորությունների հատուկ նպատակը: Բնակչության համաշխարհային օրվա առթիվ կոչ եմ անում բոլոր կառավարություններին, գործարար հատվածին եւ քաղաքացիական հասարակությանը աջակցել եւ օժանդակել դեռահաս աղջիկներին: Բոլորն են արժանի օգտվելու տնտեսական աճի եւ սոցիալական առաջընթացի առավելություններից: Եկեք աշխատենք միասին` անվտանգ, արժանապատիվ եւ հավասար հնարավորություններով լի կյանք ապահովելու համար»: