Հուլիս 10-ին մեկնարկել է մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատոնը: Մինչեւ հուլիսի 17-ը հայ ֆիլմասերներն ու կինոգործիչները ունեն միջազգային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները վայելելու բացառիկ հնարավորություն:
Փառատոնի մեկնարկն ազդարարվեց մամլո ասուլիսներով, որոնց ընթացքում իրենց ֆիլմերը ներկայացրին «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի մասնակիցներ Գարեգին Պապոյանը («Սխտորաշեն»), Լուսինե Պապոյանը («Ռադիոլա») եւ Էվելինա Բարսեղյանը («Բրավիստը»): Մամլո ասուլիսին հաջորդեց «Ոսկե ծիրան»-ի ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կազմակերպվել էր Սուրբ Զորավոր եկեղեցում:
Շառլ Ազնավուրի հրապարակում, անվանի այլ հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի եւ Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը: Արարողությունն ուղեկցվեց ՀՀ ոստիկանության փողային նվագախումբ կատարումներով:
Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Մինչ մեկնարկն անվանի հյուրերը, մրցութային եւ ոչ մրցութային ծրագրերի մասնակիցներն անցան Շ. Ազնավուրի հրապարակում տեղադրված կարմիր գորգով:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր ընկերության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այնուհետ ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը եւ ժյուրիի կազմը:
Բացման արարողության ընթացքում հայտարարվեց, որ Եվրոպական կինոակադեմիան Սերգեյ Փարաջանովի թանգարանը ճանաչել է «Եվրոպական կինոմշակույթի գանձ»: Եվրոպական կինոակադեմիայի որոշմամբ ստեղծվել է «Եվրոպական կինոմշակույթի գանձերի» ցուցակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի օրինակով, որտեղ ընդգրկվելու են պատմական կինեմատոգրաֆիկ արժեք ունեցող վայրեր:
Փառատոնի մեկնարկին նվիրված հանդիսությանը հաջորդեց 13-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Զարե»-ի ցուցադրությունը` Վահագն Հայրապետյանի եւ նրա ջազ-բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության կենդանի նվագակցությամբ:
Լրատվամիջոցներին տրված հարցազրույցում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Ոսկե ծիրան»-ը նպաստում է հայկական կինեմատոգրաֆի զարգացմանը՝ որպես համաշխարհային կինեմատոգրաֆի ճյուղի, որն ունի իր ազգային առանձնահատկություններն ու ավանդույթները: Հայաստանի մշակութային կյանքի նշանակալի իրադարձություն դարձած փառատոնը յուրօրինակ խաչմերուկ է, որտեղ հայ կինոգործիչներն ու ոլորտի սկսնակները, ինչպես նաեւ ֆիլմասեր հասարակությունը հանդիպում են աշխարհահռչակ տաղանդավոր կինոգործիչների եւ կինոքննադատների, որոնք ժամանում են Հայաստան՝ ներկայացնելու իրենց արվեստը եւ օգնելու առավել հարուստ ու բազմազան դարձնել հայկական կինեմատոգրաֆը»:




























