Այս պահին Հայաստանի ԱԳ նախարարությունը ճշտում է Նիսում ահաբեկչության հետեւանքով զոհվածների եւ տուժածների շրջանում հայերի առկայությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ-ից: 

«Հաստատված տեղեկություններ դեռ չկան»,-նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Նիսում տեղի ունեցած արյունալի հարձակումը: «Հայաստանը վճռականորեն դատապարտում է Նիսում տեղի ունեցած հարձակումը: Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում մարդկանց ամբոխի վրա մեծ արագությամբ բեռնատար էր հարձակվել: Դրանից հետո վարորդը սկսել էր կրակել մարդկանց վրա: Ի վերջո նա սպանվել է ոստիկանության կողմից: Բեռնատարում մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկներ են հայտնաբերվել:   Վարորդի անձի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով, 80  մարդ է զոհվել, եւս 18-ը կրիտիկական վիճակում է: