Նիսում ահաբեկչության հետեւանքով 54 երեխա է հոսպիտալացվել hôpital Lenva հիվանդանոց։ Սրանք միայն մեկ հիվանդանոցի տվյալներն են։ Զոհերի եւ վիրավորների ընդհանուր թիվը դեռեւս հայտնի չէ։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել էր, որ զոհվածների թվում շատ երեխաներ կան։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։
Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի՝ զոհերի մեջ ՀՀ քաղաքացի կա: Իր հերթին Հայ եկեղեցու Նիսի հոգեւոր հովիվ Հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանը NEWS.am-ին հայտնել է, որ զոհված կինը 40 տարեկան է, նաեւ վիրավորների մեջ կա երեք հայ:





























