ԱՄՆ-ը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրմամբ եւ հուսով է, որ Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում կգտնվի կարգավորման այնպիսի ձեւաչափ, որն ընդունելի կլինի հակամարտության երկու կողմերի համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Յան Քելլին:

«Մենք անհանգստացած ենք շփման գծում միջադեպերի ավելացմամբ, որոնց արդյունքում մարդիկ են զոհվում: Դա շատ մտահոգիչ է»,- ասել է դիվանագետը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն իր դերն է կատարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողղությամբ: Միջազգային միջնորդներն էլ ակտիվորեն զբաղվում են խնդրի կարգավորմամբ:

Քելլին հույս է հայտնել, որ դեկտեմբերի 1-2-ին Ղազախաստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք գագաթաժողովի ընթացքում կարգավորման նոր հնարավորություններ կստեղծվեն: «Մենք կարող ենք կողմերին հրավիրել առնվազն «ճանապարհային քարտեզի» շուրջ պայմանավորվելու»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը: