Նիսում հուլիսի 14-ին ահաբեկչության հետեւանքով մահացած ՀՀ քաղաքացին ամուսնացած էր, փոքր երեխա ուներ: Այս մասին հայտնում են Նիսի հայ համայնքում NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ երիտասարդ կինն իր ամուսնու եւ փոքրիկի հետ բնակվում էր Նիսում: Նրանք Հայաստանից էին, որոշ ժամանակ առաջ էին տեղափոխվել Ֆրանսիա:

Նշենք, որ մահացած կինը Հայաստանի քաղաքացի էր: Նախնական տեղեկություններով, վիրավորների մեջ նույնպես հայեր կան:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։

Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։