Նիսում հուլիսի 14-ին երեկոյան ահաբեկչություն իրականացրած Մուհամեդ Լաուեժ Բուլելի հայրը հայտարարել է, թե իր որդին լուրջ հոգեկան խնդիրներ ուներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն՝ հղում անելով «RTL» ռադիոյին:
«Նա դժվար ժամանակներ էր ապրում: Ես նրան հոգեբանի մոտ եմ տարել, որն էլ բուժում էր նշանակել՝ ասելով, որ որդին լուրջ առողջական խնդիրներ ունի»,- ասել է ահաբեկչի հայրը, որն ապրում է Թունիսում եւ եւ որպես ապացույց ներկայացրել է 2004թ.-ին հոգեբանի տված դեղատոմսը:
Մուհամեդի հայրը հստակ չի ասել, թե ինչով էր տառապում իր որդին: Նրա խոսքով, որդու պահվածքն անկայուն է եղել, երբեմն ագրեսիվ: Միեւնույն ժամանակ, հարազատները չեն կարողանում հավատալ, որ նա իսկապես այդքան մարդ է սպանել: Հոր պատմելով, ինքը որդուն վերջին չորս տարիներին չէր տեսել, քանի որ նա ապրում էր Ֆրանսիայում: Վերջին անգամ նրանք հեռախոսով խոսել էին մեկ շաբաթ առաջ. Մուհամեդը զանգել եւ շնորհավորել էր Ռամադանի ավարտի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան բեռնատարի վարորդը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որոնք հավաքվել էին Նիսի Անգլիական ափին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը դիտելու։ Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարը, 2 կմ զիգզագաձեւ ընթացքով անցնելով, ճզմել է մարդկանց։ Վարորդը սպանվել էր ոստիկանական ուժերի կողմից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարձակումը ահաբեկչություն է որակել։
Պաշտոնական տեղեկություններով՝ հիվանդանոցում գտնվում է 188 մարդ, որոնցից 48-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 25-ը վերակենդանացման բաժանմունքում են։





























