60 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում հայտնաբերվել է զոլավոր բորենի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում: Բորենու մնացորդները հայտնաբերվել են Նռնաձոր (Նյուվադի) գյուղից ոչ հեռու: Կենդանու մահվան պատճառը այգու ցանկապատի փշալարերներ են, որոնց մեջ խճճվել էր բորենին, հաղորդում է WWF-Հայաստանը:
Ըստ որոշ գիտական աղբյուրների` 20‐րդ դարի սկզբից ի վեր բորենի երբեմն լինում էր Արաքս գետի ավազանում, Էջմիածնի, Մեղրիի, Շամշադինի եւ Իջեւանի շրջաններում: Բորենու մասին վերջին հիշատակումը գրանցվել է 1925թ.-ին, երբ կենդանուն տեսել են Արտաշատի շրջանի Նովրուզլու գյուղի մոտակայքում: Որոշ տվյալներով, այդ կենդանուն տեսել են 1940թ.:
Այս կենդանատեսակի ապրելավայրերի կորուստը Հայաստանում նրա անհետացման հիմնական պատճառն է: Համապատասխան բիոտոպերը (հարթ կիսաանապատեր եւ չոր նախալեռներ) ի սկզբանե սահմանափակվում են Արարատյան դաշտավայրով եւ Մեղրիի շրջանում` Արաքսի հովտով, որոնք գրեթե ամբողջությամբ մշակվում են որպես դաշտավայրեր, պտղատու եւ խաղողի այգիներ:
Զոլավոր բորենին միջին չափի գիշատիչ կաթնասուն է, որն արտաքինից նման է շանը: Մեջքն ունի կորություն դեպի պոչը, իսկ կողքերն աչքի են ընկնում սեւ կամ դարչնագույն ուղղահայաց զոլերով: Մարմնի գույնը բաց մոխրագույն կամ բաց շագանակագույն է: Կոկորդի վրա կա սեւ բիծ, իսկ ոտքերը զոլավոր են: Գլուխը կլորավուն է, ունի սուր երախ եւ երկար ականջներ: Չնայած բորենին սնվում է լեշով, մեծ եւ փոքր կենդանիներով, միջատներով, պտուղներով եւ հատապտուղներով, այն ունի շատ ուժեղ ծնոտներ, որոնք կարող են նույնիսկ ոսկոր կոտրել:
Հույսեր կան, որ մի քանի առանձնյակներ դեռեւս կարող են գոյատեւել:




























