ԱՄՆ-ը սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ հուսով է, որ շուտով շոշափելի արդյունքներ են գրանցվելու: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄն դեսպան Մարի Յովանովիչը:
ԱՄՆ դեսպանը հանդիպել է 2009 թվականի հուլիսի 19-ից 31-ը Թուրքիայի Չանակկալե քաղաքում կազմակերպված միջազգային ամառային ճամբարին մասնակցած հայ երեխաներին: Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացված այդ ճամբարին մասնակցել են 14-17 տարիքային խմբի 15 հայ, 19 թուրք եւ 10 ամերիկացի աշակերտներ: Ճամբարի նպատակն էր օգնել աշակերտներին նպաստել միջմշակութային շփումներին եւ ավելի լավ հասկանալ միմյանց, ձեւավորել հանդուրժողականության մթնոլորտ: Աշակերտների համար կազնակերպվել են նաեւ անգլերեն լեզվի դասընթացներ, միջմշակութային հանդիպումներ: Այցելության ընթացքում մասնակիցները եղել են Ասոսում, Գալիպոլեում:
Օգոստոսի 31-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հանդիպել է աշակերտների եւ լրագրողների հետ: Յովանովիչը ասել է, որ այս ճամբարը հայ աշակերտների համար լավ հնարավորություն էր տեսնել Թուրքիան, ծանոթանալ նրանց մշակույթի հետ: «Հայ եւ թուրք երեխաները հասկացան, որ ունեն նույն երազանքները, ցանկությունները, մտավախությունները: Անհրաժեշտ է հասարակությունների մեջ ձեւավորել ավելի մեծ հանդուրժողականություն»,- նշել է դեսպանը եւ հավելել, թե հայ-թուրքական հարաբերություննների նորմալացումը կարեւոր է տարածաշրջանի համար եւ տնտեսապես ու քաղաքականապես նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Թուրքիայի առաջ: ԱՄՆ-ը սատարում է հարաբերությունների կարգավորմանը եւ հուսով է, որ շուտով շոշափելի արդյունքներ են գրանցվելու, ասել է դեսպանը:




























