Ղարաբաղի հարցով բանակցությունների կողմերն աշխատում են վստահության մթնոլորտ ձեւավորելու շուրջ: Այս մասին օգոստոսի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ներկայում օրակարգում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումն է, որոնք առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ համաձայնեցվել են մայիսի 16-ին, Վիեննայում: Խոսքը, մասնավորապես, շփման գծում սադրանքները դադարեցնելու մասին է:
«Բանակցություններն ընթանում են, բայց առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմը բանակցությունների սեղանի շուրջ ասում է մի բան, անում՝ մեկ այլ բան»,- նշեց փոխնախարարը:





























