Վերջերս հրապարակված տվյալների համաձայն, Հայաստանում սեփականության դեմ  հանցագործների թիվը   I կիսամյակի ընթացքում աճել է 8,4 տոկոսով: Դա` տարեկան կտրվածքով: Իսկ մեզ մոտ ի՞նչ տեղաշարժեր են արձանագրվել վերջին տասը տարում: Պետական սեփականության գծով (իսկ դրա հետ նաեւ` հանրային) ակնհայտ է հսկայական առաջընթաց. թալանի գրանցված դեպքերի թիվը կրճատվել է   3,9 անգամ: Կամ գողանալու բան արդեն չկա, կամ էլ ուժեղացրել են պահպանությունը: Արդյունքում հաշվետու կիսամյակում «ընդամենը» հիսուն նման դեպք է գրանցվել: 

Արժե ենթադրել, որ պետական ունեցվածքի յուրացման ոլորտի   «մասնագետները», գործունեության պրոֆիլը փոխելով, միացել են այն գործընկերներին, որոնք մասնագիտանում են մասնավոր սեփականության մեջ:  Եվ կրկնակի ուժով սկսել են թալանել վերոհիշյալ ունեցվածքը: Հակառակ դեպքում ինչպես բացատրել վերոհիշյալ  ունեցվածքի յուրացման դեպքերի կրկնապատկումը վերջին տասը տարվա ընթացքում: 

Նշենք, որ ընթացիկ տարվա  I կիսամյակում բնակարանային 572 գողություն է գրանցվել: Դա ավելի քան  2 անգամ գերազանցում է 2006 թվականի նույն կիսամյակի տվյալները: Պարզվում է, որ այսուհետ օրական միջինը երեք բնակարան է թալանվում: 

Նշենք, որ «բնակարանային գողություն» տերմինը որոշ չափով պայմանական բնույթ է կրում: Գողություն է համարվում ուրիշի ունեցվածքի գաղտնի, ոչ բռնի առգրավումը:  Բայց օտար բնակտարածքը հնարավոր է թալանել եւ բռնի եղանակով   (կամ սպառնալիքով), թալանի տեսքով, կամ էլ դրա ավելի վտանգավոր տեսակի` ավազակության: Ինքը` «բնակարանային գողություն» տերմինը, բնականաբար, խիստ պայմանական է, որովհետեւ ներառում է այսպես կոչված «մասնավոր տների գողությունները»:

Իմիջիայլոց, ռուս որոշ մասնագետներ մատնանշում են, որ բնակարանային գողությունների թիվն աճում է ամառվա ամիսներին: Այսինքն` այն ժամանակահատվածում, երբ մարդիկ զանգվածային եղանակով մեկնում են հանգստանալու` բնակտարածքներն առանց հսկողության թողնելով:  Բայց, դատելով Հայաստանում բնակարանային գողությունների դինամիկայից, 2014-2015 թվականներին   ամառային ամիսներին բնակարանային գողությունների աճի հստակ միտում չի երեւում   (տես` գրաֆիկը): Լիովին հնարավոր է, որ հանցագործները եւս ամառային ժամանակահատվածում  հանգստանում են իրենց հանցավոր գործերից: 

Իհարկե առկա են արմատացած հանցագործներ, որոնց համար հանցագործությունը կենսական կրեդո է: Բայց կան շատ մարդիկ, որոնք այդ ուղու վրա կանգնել են տարբեր պատճառներով, որոնցից հնարավոր է առանձնացնել ունեցվածքի անհավասարությունը:  Օտարերկրյա փորձագետները համարում են, որ բնակչության եկամտի զգալի բեռեւացումը հանգեցնում է հասարակության մեջ սոցիալական լարվածության աճի:  Այս բացահայտումը հաստատ սենսացիոնների թվից չէ: Զարմանալի կլիներ, եթե առկա լիներ հակառակ կապ:  Իսկ սոցիալական լարվածությունը բարենպաստ հող է դառնում հանցագործությունների համար ընդհանուր առմամբ եւ մասնավորապես` ուրիշի ունեցվածքի եւ փողի յուրացման համար:  

Իր ներդրումն է ունենում նաեւ հասարակության որոշակի շրջանակներում հանցագործների իդեալականացումը, որն ամրապնդվում է կինեմատոգրաֆի գլուխգործոցներով, ինչպես հայրենական, այնպես էլ համաշխարհային: Հանցավորության կտրուկ աճը մատնանշում է նաեւ իրավապահ մարմինների կանխարգելիչ աշխատանքի ոչ բարձր մակարդակը  (կամ դրա բացակայությունը):

Իհարկե, շահադիտական հանցագործությունների հակումը չի սահմանափակվում բնակչության կոնկրետ խմբով: Բոլոր միջոցներով հարստանալու ձգտումը  (ասենք` կոռուպցիայի, կաշառակերության, սպառնալիքների եւ այլն) հանցագործության է մղում նաեւ այն քաղաքացիներին, ում օրինական եկամուտը մեր երկրի համար կյանքի ոչ վատ մակարդակ է ապահավում:   Այդ կապակցությամբ նշենք, որ I կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 383 դեպք է գրանցվել, ինչը 43 դեպքով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: