Յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է եւ յուրահատուկ մոտեցում է պահանջում: Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրքը:

Նրա խոսքով, ժողովուրդների ինքնորոշման եւ պետությունների տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքները ինքնաբուխ չեն գործում, դրանց իրականացմանը նախորդում է միջանկյալ որոշումների փուլը:

Խոսելով Կոսովոյի վերաբերյալ միջազգային դատարանի վճռի մասին, Թյիրքը նշել է, թե Կոսովոյի խնդիրը մյուսներից տարբերվում էր նրանով, որ դեռ 1999 թվականին Կոսովոն ՄԱԿ-ի որոշմամբ անցել է միջազգային վարչարարության տակ: «1999-ին ՄԱԿ-ը կոսովյան խնդիրը սպառնալիք է ճանաչել միջազգային անվտանգության համար, ինչից հետո տարածքն անցել է միջազգային վարչարարության տակ: Հենց դա էլ պատճառ դարձավ Հաագայի դատարանի վճռի համար, որով Կոսովոյի միակողմանի անկախության ճանաչումը չի հակասում միջազգային սկզբունքներին»,- ասել է Թյիրքը՝ ընդգծելով, որ Հաագայի դատարանը սահուն շրջանցել է ժողովրդի ինքնորոշման հարցերը: