ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը կարծում է, որ հայաստանյան քաղաքական դաշտն, ի դեմս կուսակցությունների, կայացած չէ, եւ բոլորս անընդհատ ականատես ենք լինում կուսակցությունների փլուզումների ու վերաձեւումների։ Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կուսակցությունը մի փոքրիկ պետություն է, որտեղ անպայման պետք է գործեն հակակշռների մեխանիզմներ։ Ներքին ժողովրդավարությունից է բխում կուսակցության համերաշխությունը։ Շատ կարեւոր է, որ կուսակցությունները կարողանան սահմանել իրենց ներսում ներգրավված անձերի հարաբերությունները։ Սակայն կործանարար է նաեւ անձերի միահեծանությունը»,- նկատել է Շահբազյանը՝ կրկնելով, որ կուսակցությունների ներքին խնդիրները հնարավոր է լուծել բացառապես կանոնագրի եւ հակակշռող մեխանիզմների օգնությամբ։ «Եթե չունենանք կուսակցական ճիշտ համակարգեր, չենք ունենա նաեւ լավ պետություն»,- ամփոփել է նա։

Հանդիպմանը ներկա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն էլ նշել է, որ ԲՀԿ-ն երկար տարիների պատմություն չունի, սակայն հիմնադրման առաջին իսկ օրվանից պահպանել է ժողովրդավարության արժեքները եւ սկզբունքները։ Նրա խոսքով, կուսակցության կանոնադրությունը գործում է ՀՀ հիմնական օրենքին համահունչ։ «Կուսակցության ներսում որոշումներ ներկայացնելու, քննարկելու պարզաբանելու հետ կախված որեւէ խնդիր չունենք»,- հավաստիացրել է Էնֆիաջյանը։