Հատուկ Քննչական ծառայությունից Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի՝ «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպման թույլտվությունն այսօր՝ օգոստոսի 8-ին, ստացվել է: «Հելսինկյան ասոցացիայի» փոխանցմամբ, փաստաբան Արայիկ Պապիկյանը հանդիպել է Տիգրան Մանսուրյանի հետ, այժմ նրանք միասին ուղեւորվել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ հանդիպման:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռերի» անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանը ցանկանում է հանդիպել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Նա օգոստոսի 4-ից հայտարարել է հացադուլ եւ հրաժարվել բուժօգնությունից: Աշոտ Պետրոսյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նա ունի հրազենային վնասվածք:
Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:





























