Ռուսաստանյան «Գեոպրոմայնինգ Գոլդը» Հայաստանում կվերամշակի Արարատի ոսկու արդյունաբերման իր ֆաբրիկայի արդյունաբերական թափոնների   ոսկի պարունակող ածուխը: Այդ մասին   NEWS.am-ի թղթակցին հայտնել է   «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ԲԲԸ-ի  գործադիր  տնօրենի տեղակալ Անդրեյ Ցվետկովը:

Ընկերությունների «ԳեոՊրոմայնինգ» խումբը Հայաստանում շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը (հանրապետությունում ոսկու խոշորագույն հանքավայրը) եւ Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան:   Արտադրության վերազինման շրջանակում ընկերությունը պատրաստվում է վերամշակել այն ածուխը, որը որպես աբսորբանտ է կիրառվում ոսկի պարունակող խտանյութի (հանքավայրից) վերամշակման ընթացքում` Դորե համաձուլվածք ստանալու նպատակով (ֆաբրիկայում):

«Մենք ածխի կորուստներ ունենք. դրա մի մասը մաշվում է եւ հայտնվում պոչամբարներում: Մենք այն կհանենք, կվերամշակենք եւ լրացուցիչ ոսկի կարդյունահանենք, որովհետեւ այդ ածուխը ոսկի պարունակող արտադրանք է», - հավելել է Ցվետկովը:

Տեխնոլոգիան նախատեսված է ամբողջությամբ գործարկել մինչեւ 2016-ի վերջ: