Երեւանի Ազատության հրապարակում ավարտվեց ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի ամենօրյա հավաքը: Մասնակիցները երթ չնախաձեռնեցին:

Թեեւ հավաքի սկզբում հայտարարվել էր, որ ներկա է լինելու նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կալանավայրից նախորդ օրն ազատ արձակված Ալեք Ենիգոմշյանը, սակայն ավելի ուշ հավաքի մասնակիցներն ասացին, որ նա իրեն լավ չի զգացել եւ չի կարողացել գալ:

Հավաքի մասնակիցները հայտարարեցին, որ հաջորդ օրվա հավաքի ժամը փոխում են. այն կկայանա մեկ ժամ շուտ, որպեսզի մարզերից քաղաքացիները նույնպես հնարավորություն ունենան ներկա գտնվել: Նրանք հայտարարեցին նաեւ, որ կիրակի Ազատության հրապարակում համերգ է նախատեսվում, ելույթ կունենա նաեւ Ռուբեն Հախվերդյանը:

Նշենք, որ օգոստոսի 12-ին բողոքի ակցիաներ են նախատեսվում ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում: