ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում  հուլիսի 17-ին զինված հարձակման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով  ծանր վիրավորում ստացած՝ ոստիկանության ենթասպա 45-ամյա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, հրավիրվել է կոնսիլիում՝ հետագա բուժման հարցերը քննարկելու նպատակով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը։ 

Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում ենթարկվել է չորս վիրահատության, սակայն, այդպես էլ գիտակցության չի եկել:

Նշենք, որ Գագիկ Մկրտչյանը կրծքային-որովայնային հրազենային վիրավորում  էր ստացել  եւ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Վնասվել են լյարդը, բարակ եւ հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաեւ թոքերը։

Հայթայանը նշեց, որ հուլիսի 17-ի եւ դրան հաջորդած դեպքերի հետեւանքով տուժածներից այս պահին հիվանդանոցում է գտնվում 7 տուժած, այսօր ոչ ոք հիվանդանոցից դուրս չի գրվել: