Վրաստանի Լեյբորիստական ընդդիմադիր կուսակցությունը մեղադրում է նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն եւ կրթության նախկին նախարար, ներկայումս ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լոմայային՝ կրթության համակարգի «ցեղասպանության» մեջ։

«Ընդամենը 5 տարվա ընթացքում՝ 2004 թ-ից, Սահակաշվիլու եւ Լոմայայի անմիջական մասնակցությամբ փակվել են շուրջ 1000 միջնակարգ դպրոց, աշխատանքից ազատվել են 20 000 ուսուցիչներ։ Սա կրթության համակարգի „ցեղասպանություն“ է, սակայն ներկայիս ռեժիմի ներկայացուցիչները փորձում են մեզ համոզել, թե դպրոցների փակումը անհրաժեշտ գործընթաց է, քանի որ գնում է այսպես կոչված օպտիմիզացիա»,-ասել է Վրաստանի Լեյբորիստական ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Գեորգի Գուգավան։ Նրա հավաստիացմամբ, Վրաստանի ծայրահեղ ծանր սոցիալ իրավիճակի պատճառով, միջնակարգ դպրոցներում սովորողների շուրջ 9 տոկոսը չունեն դասագրքեր եւ տետրեր, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։