ԱՄՆ Միլուոքի քաղաքում ոստիկանի կողմից երիտասարդի սպանության պատճառով ծագած անկարգությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Անկարգությունների ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից վիրավորվել է մեկ մարդ, որին ոստիկանությունը զրահապատ մեքենայով դուրս է բերել բախումների գոտուց։
«Ազգային գվարդիա դեռ չեն կանչել»,– Twitter–ում հայտնել են Միլուոքիի իրավապահները՝ նշելով, որ ոստիկանությունն իր ուժերով դեռ կարող է աշխատել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանի կողմից երիտասարդի սպանությունից հետո քաղաքի հարյուրավոր բնակիչների եւ 30 ոստիկանների միջեւ բախումներ են սկսվել։





























