Շվեյցարիայի նախկին նյախագահ Պասկալ Կուշպենը Մերձբեւեռային Ուրալում բարձրացել է Ներոյկա լեռ: Այդ մասին հայտնել են Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզի հասարակական եւ արտաքին կապերի դեպարտամենտում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հանդիպեցինք ամուր մարդկանց` պինդ բնավորությամբ, որոնք խիստ բնության հետ ներդաշնակության մեջ են ապրում եւ կարողացել են հարմարվել դրան: Այդ հսկայական տարածքները հոգու վրա անջնջելի հետք են թողնում, Շվեյցարիայի նման փոքր երկրի բնակիչների համար դա համեստության դաս է: Ինչպե՞ս կարող ենք դաս տալ Ռուսաստանին, երբ մենք լիովին այլ երկրից ենք եւ ապրում ենք լիովին այլ միջավայրում: Մենք կարող ենք ընդամենը ձեզ հաջողություն մաղթել տնտեսության եւ այլ ոլորտներում, որովհետեւ դա եւս մեր շահերից է բխում, որպեսզի մենք կարողանանք միասին ապրել այսպիսի լավ եւ մաքուր մոլորակում», - նրա խոսքերն է մեջբերում Կուշպենի դեպարտամենտը:
«Ամբողջ Օբը` ակունքից մինչեւ գետաբերան» արշավին Շվեյցարիայից նաեւ այլ հայտնի քաղաքական գործիչներ եւ գործարարներ են մասնակցել, ինչպես նաեւ Ժնեւի համալսարանի դասախոսներ եւ գիտնականներ Ռուսաստանից: Դեպարտամենտում ընդգծել են, որ ուղեւորության առիթը գիտաճանաչողական հետաքրքրությունն էր. ճանապարհորդները ռուս գիտնականների հետ համատեղ հետազոտում էին Օբ գետի վիճակը:
«Օտարերկրացիների ընդունելու պատրաստակամությունը եւ կարողությունը շատ զարմանալի է: Շվեյցարիան զբոսաշրջության երկիր է, այն տնտեսության առաջատար ճյուղ է հանդիսանում: Այստեղ մենք գրկաբաց ընդունելության արժանացանք ինչպես կազմակերպիչների, այնպես էլ հասարակ մարդկանց կողմից, իսկ եթե ձեր բնակիչները նման հատկանիշ ունեն, ուրեմն շրջանը պատրաստ է զբոսաշրջությանը», - շվեյցարական Սոցիալիստական կուսակցության փոխնախագահ, սենատոր Ջերալդին Սավարիի խոսքերն է մեջբերում դեպարտամենտը:
Ճանապարհորդության ընթացքում պատվիրակությունը կարողացավ նաեւ շատ բան իմանալ կոմիների, մանսիների, խանտիների մշակույթի մասին: «Մենք տեսանք հարգանք բնության հանդեպ, իսկ դա զբոսաշրջիկների համար շատ կարեւոր կետ է, որովհետեւ նրանք հենց դա են ուզում տեսնել որեւէ երկիր այցելելիս: Բացի այդ, զարմանալի էր հայտնվել Ներոյկայում եւ լեռան գագաթից Եվրոպային եւ Ասիային նայելով` հասկանալ, որ մեր միջեւ տարբերություն չկա», - նշել է սենատորը:
Ներոյկա լեռը, որի բարձրությունն ավելի քան 1600 մ է, գտնվում է Մերձբեւեռային Ուրալում` Շեկուրյա գետի վերին հոսանքների մոտ, Հետազոտական լեռնաշղթայի հյուսիսային մասում` այն սահմանին, որը Ուրալի արեւելքը բաժանում է արեւմուտքից: Կոմի լեզվից թարգմանությամբ Ներոյկա նշանակում է «ծերուկ» կամ «ավագ»:





























