Ռուսաստանի օդադեսանտային զորքերը պլանավորում են մասնակցել Հայաստանում տեղի ունենալիք ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հերթական զորավարժություններին նույն ծավալով, ինչ «Փոխգործակցություն 2016»-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատարի խաղաղապահ օպերացիաների գծով տեղակալ Ալեքսանդր Վյազնիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս տարի Պսկովի մարզում անցկացվող ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2016» զորավարժություններին կմասնակցեն օդադեսանտային 98-րդ դիվիզիայի եւ 31-րդ դեսանտագրոհային առանձին բրիգադի կազմից ավելի քան 1000 զինծառայողներ:

«Պլանի համաձայն՝ ՀԱՊԿ հաջորդ երկիրը, որը պետք է ընդունի զորավարժությունների մասնակիցներին, Հայաստանն է: Բանակցություններ են վարվում Ռուսաստանի օդադեսանտային ուժերի մասնակցության մասշտաբի վերաբերյալ, սակայն կարծում եմ, որ այն առնվազն այնքան կլինի, որքան այս տարի»,- ասել է Վյազնիկովը:

ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2016» հրամանատարա-շտաբային զորավարժությունները Պսկովի մարզում տեղի կունենան օգոստոսի 16-ից 19-ը: